Մարդն իր կյանքի ընթացքում ստեղծում է տարբեր իրեր: Մեր շրջապատի ցանկացած իր, կենդանի օրգանիզմ կարող ենք կոչել մարմին: Մարմիններ են քարը, ծառը, տունը, միջատը, մետաղալարը և այլն: Ինչպես տեսնում ես, մարմիններն այնքան շատ են, որ անհնար է բոլորը թվարկել: Դրանք բաժանում են բնական (բնության կողմից ստեղծված) և արհեստական (մարդու կողմից ստեղծված) մարմինների: Արեգակը, Լուսինը, մոլորակները համարվում են նաև տիեզերական մարմիններ: 

Մարմինները կազմված են նյութերից: Ձմռանը մեր տների ապակի­ները գարդարող եղյամը մարմին է, որը կազմված է ջրից: Ջուրն արդեն նյութ է: Մարմինները բաղկացած են տարբեր  նյութերից: Մեր մարմինը, օրինակ, բաղկացած է ջրից, ճարպերից, սպիտակուցներից, ածխաջրերից և այլ նյութերից: Բազմազան նյութերից են պատրաստված մեր բնակարանները, տանն օգտագործվող տարբեր սարքավորումները (արհեստական մարմիններ):

Նյութերը լինում են պինդ, հեղուկ և գազային: Ցանկացած պինդ մարմին ունի որոշակի ձև: Օրինակ՝ տուֆի որմնաքարը  ունի խորանարդի ձև, իսկ ձյան փաթիլը նման է կենտրոնից ճառագայթաձև ձգվող, կանոնավոր դասավորված սառցե բյուրեղների:

Հեղուկները և գազերը որո­շակի ձև չունեն: Հեղուկը ընդու­նում է այն անոթի ձևը, որի մեջ լցված է:

Խոհանոցում, գազօջախը մի­ացնելիս, զգում ես բնական գազի սուր հոտը: Դա նրանից է, որ գազերն ընդհանրապես շատ արագ են տարածվում: Եթե նույնիսկ շատ կարճ ժամանակ գազի փականը բաց է մնում, ապա խոհանոցն անմի­ջապես լցվում է գազով: Այն մենք զգում ենք իր սուր հոտի շնորհիվ: Գիտնականները պարզել են, որ բոլոր նյութերը կազմված են շատ փոքրիկ, աչքի համար անտեսանելի մասնիկներից: Դրանում համոզ­վելու համար կատարենք փորձ:

Վերցնենք մեկ նյութից կազմված որևէ մարմին, օրինակ՝ շաքարի կտոր: Այնուհետև այն գցենք տաք ջրով լցված ապակե բաժակի մեջ և գդալով խառնենք: Սկզբում շաքարը բաժակի մեջ լավ երևում է, բայց խառնելու ընթացքում այն աստիճանաբար դառնում է անտեսանելի: Դրանից հետո փորձենք ջրի համը և կզգանք, որ այն քաղցր է: Դա նշանակում է, որ շաքարը չի անհետացել, այն մնացել է բաժակում: Սակայն ինչո՞ւ շաքարի կտորը չի երևում: Այն բաժանվել է մանրագույն մասնիկների, այսինքն՝ լուծվելով խառնվել է ջրի մասնիկների հետ: Այս փորձը ապացուցում է, որ նյութերը և դրանցից բաղկացած մարմինները կազմված են մանրագույն մասնիկներից: Ցանկացած նյութ կազմված է յուրահատուկ մասնիկներից, որոնք ձևով և չափերով տարբերվում են այլ նյութերի մասնիկներից:

Առաջադրանք՝

  1. Քանի նյութից կարելի է պատրաստել բաժակ: Ապակի, քար, կավ, երկաթ, պլասմաս, փայտ։
  2. Առանձնացնել մարմինները և նյութերը՝ փայտ, աթոռ, սեղան, ոսկի, մատանի, գրիչ, պատուհան, պղինձ, պայուսակ, բաժակ:
    Մարմիններ-բաժակ, պայուսակ, սեղան, գրիչ, աթոռ, մատանի, պատուհան։
    Նյութեր-փայտ, ոսկի, պղինձ։
  3. Տեսակավորիր հետևյալ նյութերը՝ պինդ, հեղուկ, գազային
    Պինդ-ալյումին, երկաթ, ոսկի, արծաթ, փայտ, ապակի։
    Հեղուկ-ջուր, նավթ։
    Գազային-գոլորշի, թթվածին։

ալյումին, երկաթ, ոսկի, գոլորշի, ջուր, նավթ, թթվածին, արծաթ, փայտ, ապակի

You are currently viewing Բնագիտություն