Արտավազդը գահ է բարձրանում պատմական դժվարին ժամանակահատվածում, երբ միմյանց դեմ շարունակաբար հակամարտում էին Հայաստանի արևմտյան և արևելյան հարևանները՝ Հռոմեական հանրապետությունն ու Պարթևական թագավորությունը։ Արտավազդը, հոր օրինակով, սկզբնապես փորձում է պահպանել չեզոքություն, սակայն ի վերջո ստիպված է լինում ապավինել Արտաշատի դաշնագրով ստանձնած պարտավորություններին և մ.թ.ա. 54 թվականին դաշինք կնքում Հռոմի եռապետ Մարկոս Կրասսոսի հետ։ Ավելի ուշ Արտավազդը միակողմանիորեն խզում է դաշնակցությունը Հռոմի հետ և նախաձեռնում Մ.թ.ա. 53 թվականին հայ-պարթևական բանակը՝ Սուրեն զորավարի գլխավորությամբ հաղթում է Հայոց Միջագետք ներխուժած հռոմեական լեգեոններին, որով նշանավորվում է հայ-պարթևական դաշինքի առաջին հաջողությունը։

Մ.թ.ա. 37 թվականին՝ Արտավազդի դաշնակից Որոդես Բ-ի սպանությունից, ինչպես նաև Ատրպատականի թագավոր Արտավազդի ու պարթևաց նոր արքա Հրահատ Դ-ի հակահայկական դաշինքի կնքումից հետո, հայ-պարթևական հարաբերությունները դառնում են թշնամական։ Արդյունքում, Արտավազդ Բ-ն հաշտության եզրեր է փնտրում Հռոմի հետ՝ օժանդակելով Ատրպատական ներխուժած Հռոմի նոր եռապետ Մարկոս Անտոնիոսի զորքերին։ Վերջիններս Փրաասպայի ճակատամարտում պարտություն են կրում, իսկ Սենատում արդարանալու համար Անտոնիոսն արշավանքի ձախողման մեջ մեղադրում է հայոց արքային։ Վրեժխնդիր լինելու նպատակով Անտոնիոսը մի քանի անգամ փորձում է ձերբակալել Արտավազդին, ինչը նրան չի հաջողում։ Մ.թ.ա. 34 թվականին Մարկոս Անտոնիոսի ղեկավարած հռոմեական լեգեոնները ներխուժում են Մեծ Հայք, իսկ Արտավազդը, սպասվելիք ավերածություններն ու արյունահեղությունը կանխելու նպատակով, գնում է ինքնազոհողության։ Ալեքսանդրիայում Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի հրամանով Արտավազդն ու իր ընտանիքը գլխատվում են։

Հայկական սկզբնաղբյուրներն ու օտարալեզու գրվածքները հավաստում են, որ Արտավազդը ստացել է ժամանակաշրջանի լավագույն կրթությունը։ Նա հետաքրքրություն էր տածում հելլենիստական մշակույթի նկատմամբ՝ վարժ տիրապետելով հին հունարենին։ Ըստ Պլուտարքոսի` հայոց արքան գիտեր նաև այլ օտար լեզուներ, «հորինում էր ողբերգություններ, գրում ճառեր ու պատմական երկասիրություններ», որոնք մեզ չեն հասել։

You are currently viewing Արտավազդ II