Ամերիգո Վեսպուչի՝ ծովագնաց, հետազոտող, քարտեզագիր, որի պատվին անվանվել են Ամերիկա մայրցամաքն ու աշխարհամասը։ 1505 թվականին ստացել է իսպանական Կաստիլիա թագավորության քաղաքացիություն։

Վեսպուչին առաջինը ցույց տվեց (1502 թվականին), որ Քրիստափոր Կոլումբոսի հայտնաբերած Բրազիլիան և «Արևմտյան Հնդկաստան» անվանված կղզիները Ասիայի արևելյան հատվածը չեն, այլ լիովին առանձին մի երկրազանգված, որ մինչ այդ անհայտ էր Հին աշխարհի մարդկանց։ Այդ նորագյուտ երկրազանգվածն սկզբնապես կոչվեց Նոր աշխարհ, ապա Ամերիգո Վեսպուչիի անվան լատինական ձևի՝ Americus-ի հիման վրա ստացավ Ամերիկա անվանումը

Վեսպուչին որպես ծովային ծառայել է Իսպանիայում, Պորտուգալիայում, ապա նորից Իսպանիայում։ Մասնակցել է մի քանի նավարկությունների դեպի Նոր Աշխարհ (Հարավային Ամերիկայի հյուսիսային ափերը)։ Դրանցից միայն երկուսն են հավանական համարվում։ Այդ ճանապարհորդությունների մասին նրա նամակները ժամանակին մեծ ժողովրդականություն էին վայելում և մի քանի անգամ վերահրատարակվել են։ Լոթարինգիացի քարտեզագիր Մ․ Վալձեմյուլլերը Հարավային Ամերիկայի երկրների՝ Ք․ Կոլումբոսի հայտնագործությունը վերագրեց Վեսպուչիին և առաջարկեց այդ մայրցամաքը Վեսպուչիի պատվին անվանել Ամերիկա։ 1538 թվականին Մերկատորն իր քարտեզի վրա առաջին անգամ այդ անվանումը տարածեց նաև Հյուսիսային Ամերիկայի վրա։

You are currently viewing Հայտնի ծովագնացը և նրա դերը պատմության մեջ