Լեոնարդո դի սեր Պիերո դա Վինչի, վերածննդի իտալացի նշանավոր գիտնական, որի ուսումնասիրությունների շառավիղը ներառում է գյուտարարական, նկարչության, քանդակագործության, ճարտարապետության, գիտության, երաժշտության, մաթեմատիկայի, ճարտարագիտության, գրականության, անատոմիայի, երկրաբանության, աստղագիտության, բուսաբանության, գրության, պատմության և քարտեզագրության ոլորտները։ Նրան բազմիցս կոչել են հնէաբանության, ճարտարագիտության և ճարտարապետության հայր, և նա համարվում է բոլոր ժամանակների մեծագույն նկարիչներից մեկը։ Երբեմն նրան են վերագրում օդապարիկի, ուղղաթիռի և տանկի գյուտերը, և նա առաջինն է բնորոշել Վերածննդի մարդասիրական իդեալը։
Լեոնարդոն ծնվել է նոտար Պիերո դա Վինչիի և մի գյուղացի կնոջ՝ Կատերինայի, արտամուսնական կապից, Ֆլորենցիայի Վինչի տարածաշրջանում։ Նա կրթություն է ստացել նշանավոր ֆլորենտացի նկարիչ Անդրեա դել Վերոկիոյի ստուդիայում։ Իր ստեղծագործական կյանքի մեծ մասն անց է կացրել Միլանում՝ Լյուդովիկո իլ Մորոյի մոտ աշխատելով։ Հետագայում նա աշխատել է Հռոմում, Բոլոնյայում և Վենետիկում, իսկ իր կյանքի վերջին տարիներն անցկացրել է Ֆրանսիայում՝ Ֆրանսիայի Ֆրանցիսկոս Առաջինի կողմից իրեն նվիրած տանը։
Լեոնարդոն ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում, հիմնականում հայտնի է որպես նկարիչ։ Նրա ամենահայտնի կտավը Մոնա Լիզան է, իսկ Խորհրդավոր ընթրիքը՝ բոլոր ժամանակների ամենաշատ կրկնօրինակված կրոնական նկարը։ Լեոնարդոյի Վիտրուվյան մարդու նկարը նաև համարվում է մշակութային խորհրդանիշ՝ պատկերվելով տարբեր իրերի, ինչպես օրինակ եվրոյի մետաղադրամի, տետրերի և շապիկների վրա։
Լեոնարդոյի նկարներից Սալվատոր Մունդին 2017 թ. նոյեմբերի 15-ին, Նյու Յորքի Քրիստիս աճուրդում վաճառվել է ռեկորդային 450,3 միլիոն դոլարով, որը արվեստի ստեղծագործության համար վճարված ամենաբարձր արժեքն է։ Ենթադրվում է, որ նրա նկարներից միայն 15-ն են պահպանվել։ Կան 15 նշանավոր արվեստի գործեր, որոնք արվեստի շատ պատմաբանների կողմից ամբողջովին կամ մասամբ վերագրվում են Լեոնարդոյին։ Այս թիվն ներառում է որմնանկար, մի մեծ նկար թղթի վրա և երկու աշխատանք, որոնք պատրաստման նախնական փուլում են։ Կան մի շարք այլ աշխատանքներ, որ նույնպես վերագրվում են Լեոնարդոյին, այնուամենայնիվ, այդ մի քանի գործերը իր նոթատետրերի հետ միասին, որոնք պարունակում են գծագրեր, գիտական սխեմաներ և նկարչության էության մասին իր մտքերը, հետագա սերունդների նկարիչների համար մեծ ավանդ են հանդիսանում, որի հետ կարող է համեմատվել միայն իր ժամանակակից Միքելանջելոն։
Լեոնարդոն ծնվել է 1452 թվականի ապրիլի 15-ին գիշերվա ժամը 3-ին Տոսկանայի լեռնային Վինչի քաղաքում՝ Առնո գետի ստորին հովտում՝ Ֆլորենցիայի հանրապետությունում։ Ինչպես նշում է Անջելա Օտտինո դելա Կիեզան, նրա ծնունդը գրանցվել է Լեոնարդոյի հայրական պապի՝ Սեր Անտոնիոյի օրագրում։ Նա մեծահարուստ ֆլորենտացի նոտար Մեսեր Պիերո Ֆրուոզինո դի Անտոնիո դա Վինչիի և գյուղացի Կատերինայի արտամուսնական որդին էր։ Ենթադրվում է, որ Կատերինան կարող էր լինել Միջին Ասիայից կամ Միջերկրածովյան ավազանից բերված ստրկուհի։ Ըստ Վինչիում Լեոնարդո դա Վինչիի թանգարանի տնօրեն Ալեսանդրո Վեզոսիի՝ ապացույցներ կան, որ Պիերոն ուներ Կատերինա անունով միջինասիացի ստրկուհի։
Լեոնարդոյի մանկությունից քիչ բան է հայտնի։ Նա իր կյանքի առաջին 5 տարիներն անցկացրել է Անկիանո գյուղակում՝ իր մոր տանը, իսկ 1457 թվականից ապրել է իր հոր, հորական ծնողների և հորեղբոր տանը՝ Վինչի փոքրիկ քաղաքում։ Նրա հայրն ամուսնացած էր 16-ամյա Ալբիերա Ամադորիի հետ, ով շատ էր սիրում Լեոնարդոյին, բայց երիտասարդ հասակում մահանում է 1465 թվականին՝ առանց երեխա ունենալու։ Երբ Լեոնարդոն 16 տարեկան էր (1468 թվական), նրա հայրը կրկին ամուսնանում է 20-ամյա Ֆրանչեսկա Լանֆրեդինիի հետ, ով նույնպես առանց երեխա ունենալու մահանում է։ Պիերոյի օրինական ժառանգները ծնվել են նրա երրորդ կնոջ՝ Մարգերիտա դի Գուլյիելմոյից (նա 6 երեխա է ունեցել՝ Անտոնիո, Ջուլիան, Մադդալենա, Լորենցո, Վիոլանտե և Դոմենիկո) և չորրորդ ու վերջին կնոջից՝ Լուկրեցիա Կորտիջանիից, ով նույնպես 6 երեխա է ունեցել՝ Մարգերիտա, Բենեդետտո, Պանդոլֆո, Գուլիելմո, Բարտոլոմեո և Ջովաննի։
Ընդհանուր առմամբ, Լեոնարդոն ուներ 12 խորթ քույր ու եղբայր, ովքեր շատ ավելի երիտասարդ էին, քան նա (վերջինը ծնվեց, երբ Լեոնարդոն 40 տարեկան էր), և նրանց հետ գրեթե չէր շփվում, բայց հոր մահվանից հետո, նրանք դժվարություններ ստեղծեցին ժառանգության հարցում։