Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի,
Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ
Պատել, պայծառ Նաիրի։
     
Վտարանդի, երկրում աղոտ,
Լուսեղ, քեզ եմ երազում,
Եվ հնչում է, որպես աղոթք
Արքայական քո լեզուն։
     
Հնչում է միշտ խոր ու պայծառ,
Եվ խոցում է, և այրում,
Արդյոք բոցե վարդե՞րդ են վառ,
Թե՞ վերքերն իմ հրահրուն։
     
Ահով ահա կանչում եմ քեզ
Ցոլա, ցնորք Նաիրի՛, —
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի…

1.  Ի՞նչ տրամադրություն է գերիշխում՝ հույս, ցավ, հավատ, վախ, այլ։ Վախը և ցավը

2.  Ո՞ր նախադասությունը կարող ես համարել հռետորական հարց։ 

Մի՞թե վերջին պոետն եմ ես

3.  Բանաստեղծն իրեն վերջին պոետն է համարում․ դա հուսահատությո՞ւն է, թե՞ պատասխանատվություն։ 

Հուսահատություն

4. Գրի՛ր Նաիրի երկրի պատասխանը պոետին։ 

«Ո՛չ, դու վերջինը չես,
քանի դեռ իմ լեզուն քո շուրթերին է,
քանի դեռ իմ ցավը երգ է դառնում,
ես կենդանի եմ քո միջոցով»։

5. Ինչպիսի՞ն է Նաիրին՝ ըստ այս բանաստեղծության։ 

Նաիրին ներկայացվում է որպես լուսեղ, սուրբ, ցավով լի, բայց կենդանի ու հոգևոր ուժ ունեցող հայրենիք։

ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։

Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Իմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։

Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։

Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…

1. Ո՞ր բառերն ու արտահայտություններն են ցույց տալիս գարնան գալուստը։

Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել

Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,

2.Ներկայացրո՛ւ բանաստեղծության քնարական հերոսի զգացումները, նաև առանձնացրո՛ւ այդ զգացումները նկարագրող տողերը։

Քնարական հերոսը ապրում է ուրախություն, ազատություն, հույս և հոգևոր վերածնունդ։

3. Բացատրի՛ր ,,մենության բանտ,, արտահայտությունը։ 

Սա նշանակում է հոգեկան փակվածություն, տխրություն, միայնակ վիճակ, որից հերոսը ազատվում է գարնան գալուստով։

4. Դո՛ւրս գրիր մակդիրներ։

քնքշաբույր
հրեղեն
խոսուն-սառնորակ
ոսկեղեն
զվարթ, ջահել

5. Ինչո՞ւ է գարունը հաճախ ներկայացվում  նոր կյանքի և հույսի խորհրդանիշ։

Քանի որ գարնանը բնությունը արթնանում է, ամեն ինչ նորից սկսվում է, և դա մարդուն տալիս է հույս, ուժ և հավատ ապագայի հանդեպ։

6.Քո կարծիքով՝ բանաստեղծությունը ավելի շատ բնությա՞ն, թե՞ մարդու ներաշխարհի մասին է։ Հիմնավորի՛ր։

Բանաստեղծությունը ավելի շատ մարդու ներաշխարհի մասին է, իսկ բնությունը օգտագործվում է այդ զգացումները արտահայտելու համար։

7. Կարո՞ղ է բնությունն ազդել մարդու հոգեվիճակի վրա։ 

Այո՛, բնությունը կարող է ազդել մարդու վրա՝ թեթևացնել տխրությունը, ուժ տալ և ուրախություն պարգևել։

8. Բացատրի՛ր ահասկանալի բառերը։ 

Չկան

9. Բանաստեղծության  վերջին տողը փոխի՛ր՝ ոճը պահելով։ 

«Ողջո՛ւյն քեզ, լույս, ողջո՛ւյն քեզ, նոր օր»։

Իմ խաղաղ երեկոն է հիմա

Իմ խաղաղ երեկոն է հիմա
Մեղմալույս, և՛ տըխուր, և՛ անուշ.
Քեզ երբեք սիրտըս չի մոռանա,
Իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ…

Տարիներ, տարիներ կըսահեն,
Կըմեռնեն երազները բոլոր —
Քո պա՛տկերը անեղծ կըպահեմ
Օրերում անհաստատ ու մոլոր։

Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ —
Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ
Սուտ կյանքի և դառը մահու դեմ…

1. Բացատրի՛ր բառերը՝ մեղմալույս, անուրջ, անեղծ, փարոս։

մեղմալույս – թույլ, հանգիստ լուսավորություն
անուրջ – երազ
անեղծ – մաքուր, անկեղծ
փարոս – ուղղություն ցույց տվող լույս, հույսի նշան

2. Ի՞նչ հոգեվիճակ է արտահայտում ,,իմ խաղաղ երեկոն է,, արտահայտությունը։

Արտահայտում է խաղաղություն, մեղմ տխրություն և ներքին հանգստություն։

3. Ըստ քեզ ՝ ո՞ւմ է դիմում հեղինակը։

Հեղինակը դիմում է իր առաջին սիրուն կամ թանկ հիշողությանը։

4. Մեկնաբանի՛ր այս քառատողը՝ 

Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ —
Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ
Սուտ կյանքի և դառը մահու դեմ…

Բանաստեղծը գիտակցում է, որ կյանքում իրեն սպասում են դժվարություններ, ցավ և կորուստներ, բայց սիրելի մարդու անունը նրա համար դառնում է ուղեցույց լույս, որն օգնում է դիմակայել կյանքի կեղծությանը և մահվան վախին։

5. 4-5 նախադասությամբ ներկայացրո՛ւ բանաստեղծության բովանդակությունը, ասելիքը։ 

Բանաստեղծությունը պատմում է քնարական հերոսի խաղաղ, բայց տխուր մտորումների մասին։ Նա հիշում է իր առաջին, մաքուր սերը և վստահ է, որ տարիների ընթացքում այդ հիշողությունը չի մարի։ Թեպետ կյանքում նրան սպասվում են դժվարություններ, սիրելի մարդու անունը դառնում է հույսի և ուժի աղբյուր։ Սերը ներկայացվում է որպես հոգևոր լույս, որը պաշտպանում է մարդուն կյանքի փորձություններից։

Ընթերցել 

Տխրություն

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…

You are currently viewing Կարդում են Տերյան