ԹԱԳԱԴՐՈՒՄ
Հոգիս արթնացավ հարավի բույրից,
Ինձ է դուրս կանչում զեփյուռը նրա,
Ձյունն էլ արևի ջահել համբյուրից
Ուրախ լալիս է դաշտերի վրա:
Ելնեմ, ծաղկումն է ձնծաղիկների,
Ձյունից ինձ նայող աչքերն համբուրեմ,
Գնամ հետևից ծիծեռնակների,
Նրանց հետ հետ գամ, գարունը բերեմ.
Բարձրանամ կապույտ գահը լեռների՝
Արևն իբրև թագ իմ գլխին առնեմ,
Հագնեմ ծիրանին արշալույսների,
Գարնան թագավոր ինձ թագադրեմ,
Եվ հրովարտակ արձակեմ մի խիստ,
Որ աղբյուրները հավերժ կարկաչեն,
Որ ծաղկեն լեռներն իմ արևանիստ,
Որ ծով դաշտերը հավերժ կանաչեն,
Որ գարունները գան ու չգնան,
Որ հավերժանան զմրուխտ դրախտով,
Որ բեկվի իմ դեմ խորհուրդը մահվան,
Որ մարդը ցնծա հավերժի բախտով:
Եվ ես երջանիկ կլինեմ այնժամ,
Եվ գուցե այնժամ ես մահը սիրեմ,
Երբ անմահ լինեմ, երբ հավերժանամ,
Երբ գարունները ողջ թագավորեմ…

Առաջադրանքներ

1․ Ի՞նչն է արթնացնում բանաստեղծական հերոսի հոգին։

Հերոսի հոգին արթնացնում է հարավի բույրը, գարնան շունչը, բնության զարթոնքը։

2.Ի՞նչ է նշանակում «գարնան թագավոր ինձ թագադրեմ» տողը։

Սա նշանակում է, որ հերոսը ուզում է դառնալ գարնան տիրակալը, իշխել կյանքի, գեղեցկության ու նորացման վրա։

3.Ինչպիսի՞ տրամադրություն է ստեղծվում բնության նկարագրությամբ։

Ստեղծվում է ուրախ, թարմ, կենսախինդ և ոգեշնչող տրամադրություն։

4.Ի՞նչ է ցանկանում փոխել հերոսը աշխարհում։

Նա ցանկանում է՝
որ գարունը միշտ լինի,
որ մարդիկ երջանիկ լինեն,
որ մահը չլինի կամ հաղթահարվի։

5.Ինչպիսի՞ աշխարհ է նա պատկերացնում։

Նա պատկերացնում է հավերժ գարնան, գեղեցկության, խաղաղության և անմահության աշխարհ։

6.Պատկերացրու, որ դու ևս հրովարտակ ես արձակում։ Ի՞նչ կփոխեիր աշխարհում։

Եթե ես հրովարտակ արձակեի, կուզեի, որ մարդիկ լինեն ավելի պատասխանատու, հարգեն միմյանց և պահպանեն բնությունը։

7.Նկարագրի՛ր գարունը՝ օգտագործելով բանաստեղծության պատկերները։

Գարունը գալիս է հարավի բույրով,
ձյունը հալվում է արևի համբույրից,
ծիծեռնակները վերադառնում են,
լեռները ծաղկում են, դաշտերը կանաչում,
և ամբողջ աշխարհը լցվում է կյանքով ու ուրախությամբ։

Հովհաննես Շիրազ
ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԵՐԳ
Աչքերիս մեջ գարնան օրեր,
Ճամփես բախտիս սաերն ի վեր,
Ելնում են ես քարերն ի վեր,
Ելնում են ես սարերն ի վեր,
Քարեր, սարեր, դարերն ի վեր:
Բախտս աստղերն են վեր պահել,
Ջահել եմ ես ու ձիս ջահել,
Չեմ նկատում քարեր ճամփիս,
Չեմ նկատում սարեր ճամփիս,
Քարեր, սարեր, դարեր ճամփիս:
Շանթն է բեկվում ճակտիս վրա,
Մահ՝ չգիտեմ՝ կա՞, թե՞ չկա,
Ելնում եմ ես ահերն ի վեր,
Ելնում եմ ես մահերն ի վեր,
Ահեր, մահեր, ջահերն ի վեր:
Աչքերիս մեջ գարնան օրեր,
Ճամփես դեպի աստղերն անմեռ՝
Ինձ ելնելու քարեր կան դեռ,
Ինձ ելնելու սարեր կան դեռ,
Քարեր, սարեր, դարեր կան դեռ…

Առաջադրանքներ

1.Ի՞նչ ճանապարհի մասին է խոսվում ստեղծագործության մեջ։

Խոսվում է ժողովրդի դժվար, պայքարով լի ճանապարհի մասին՝ քարերի, սարերի ու դարերի միջով։

2.Ի՞նչ է նշանակում «աչքերիս մեջ գարնան օրեր» արտահայտությունը։

Սա նշանակում է հույս, երիտասարդություն, հավատ ապագայի հանդեպ։

3.Ի՞նչ գաղափար է արտահայտում բանաստեղծությունը։ 

Բանաստեղծության գաղափարն է, որ մարդը (կամ ժողովուրդը) պետք է հաղթահարի բոլոր դժվարությունները և շարունակ առաջ գնա։

4. Արդյո՞ք այս բանաստեղծությունը միայն անցյալի մասին է, թե՞ նաև ներկայի և ապագայի։

Այն վերաբերում է և անցյալին, և ներկային, և ապագային, քանի որ ժողովրդի պայքարը շարունակական է։

You are currently viewing Թագադրում