Ապրիլի 22-ին մեր դպրոցից մեկնեցինք ուսումնական ճամփորդության դեպի «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան։ Մենք՝ 9.9-րդ դասարանի սովորողներս, մեծ հետաքրքրությամբ սկսեցինք մեր այցը։
Սկզբում գնացինք անմար կրակի մոտ, որտեղ լուռ գլուխ խոնարհեցինք Հայրենական և Արցախյան պատերազմների զոհերի հիշատակի առաջ։ Դրանից հետո մտանք թանգարան, որը գտնվում է հենց Մայր Հայաստան արձանի պատվանդանի ներսում։ Առաջին հարկում ծանոթացանք հայ ժողովրդի մասնակցությանը Երկրորդ համաշխարհային պատերազմին, լսեցինք հայկական վեց դիվիզիաների մարտական ուղու մասին և իմացանք հայ մարշալների ու գեներալների գործունեության մասին։ Պատվո սրահում տեսանք Խորհրդային Միության հերոսների անունները, ինչը մեզ շատ տպավորեց։
Հետո բարձրացանք երկրորդ հարկ, որտեղ ուսումնասիրեցինք Արցախյան ազատագրական պատերազմը։ Տեղեկացանք ազգային հերոսների և ազատամարտիկների մասին, իսկ Շուշիի ազատագրման դիագրաման մեզ օգնեց պատկերացնել այդ կարևոր ճակատամարտը։
Դրանից հետո դուրս եկանք բացօթյա հատված, որտեղ տեսանք տարբեր ռազմական տեխնիկա՝ Տ-34 տանկ, ՄԻԳ-15 ինքնաթիռ և «Կատյուշա»։
Այս ճամփորդությունը մեզ համար շատ կարևոր էր․ ոչ միայն նոր բաներ սովորեցինք, այլ նաև ավելի լավ հասկացանք մեր պատմությունն ու զգացինք հայրենիքի նկատմամբ հպարտություն։ Տպավորություններս շատ ուժեղ էին, հատկապես Պատվո սրահում և Շուշիի դիագրամայի մոտ։
