1. Կարդացե՛ք Սահյանի բանաստեղծությունները, վերլուծե՛ք ։

Անտառում 

Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում.
Օրոր էր ասում աշունն անտառին.
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։

Շշուկներ կային անտառում այնքա՜ն
Եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային….
Իրար փաթաթված ստվեր ու կածան,
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՜ր մարդկային։

Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։

Եղնիկի հորթը, մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։

Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։

Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…

Անտառում խորին խորհուրդներ կային
Եվ արձագանքներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում։­

Բանաստեղծությունը նկարագրում է աշնանային անտառը՝ լի շշուկներով ու մշուշով։
Բնությունը ներկայացված է որպես կենդանի աշխարհ, որտեղ ամեն ինչ շարժման մեջ է։
Աշունը փորձում է «օրորել» անտառը, բայց այն չի քնում։
Անտառում կան նաև մարդիկ՝ որսկանը, փայտահատը, անտառապահը։
Գլխավոր միտքն այն է, որ բնությունը միշտ լի է կյանքով ու գաղտնիքներով։

Մասրենի

Պտուղդ քաղող չկա,
Մասրենի, սարի մասրենի,
Պատիվդ պահող չկա,
Մասրենի, բարի մասրենի։
Ասում են՝ էլ մարդ չկա,
Որ փնտրի քնքշանքդ փշոտ,
Քեզ գրկի ու տաքանա,
Մասրենի, ժայռի մասրենի։

Երեսիդ նայող չկա,
Մասրենի, վայրի մասրենի,
Կրքերիդ կրակը քեզ
Թող այդպես այրի, մասրենի…
Կանգնել ես քո բարձունքին,
Մեկուսի, մենակ, մենավոր…
Իմ երես առած դարում
Դու լքված այրի, մասրենի։

Մասրենին ներկայացվում է որպես մենակ ու լքված բույս։
Մարդիկ այլևս չեն գնահատում նրա գեղեցկությունն ու արժեքը։
Բանաստեղծության մեջ կա տխրություն և անտարբերության զգացում։
Մասրենին կարող է խորհրդանշել նաև մարդուն կամ հայրենիքը։
Գլխավոր միտքն այն է, որ իրական արժեքները հաճախ մոռացվում են։

Անունդ տալիս

Հայաստա՛ն, անունդ տալիս,
Ժայռի մեջ մի տուն եմ հիշում,
Ալևոր կամուրջի հոնքին
Ծիծեռի մի բույն եմ հիշում,
Թեքված մի մատուռ եմ հիշում
Եվ բերդի տեղահան մի դուռ,
Ավերակ տաճարի մի վեմ
Եվ բեկված մի սյուն եմ հիշում:

Հիշում եմ լքված մի թոնիր,
Բերանին մամռոտած մի խուփ,
Մամռոտած որմի խոռոչում
Մասրենու վարսաթափ մի թուփ,
Աշխարհի քարերին մաշված,
Աշխարհից խռոված մի ցուպ,-
Եվ հեռվում ինչ-որ ուշացած
Ձիերի դոփյուն եմ հիշում:

Արևոտ մի սար եմ հիշում,
Ճակատին ձյունի պատառիկ,
Սարն ի վար բարակ մի առու-
Շուրթերին հայրեն ու տաղիկ,
Ցորենի կանաչ արտի մեջ
Առվույտի կապույտ մի ծաղիկ
Եվ արտի եզրին՝ մենավոր
Մի բարդու շրշյուն եմ հիշում:

Բանաստեղծը «Հայաստան» անունը լսելիս հիշում է տարբեր պատկերներ։
Նա հիշում է ավերակներ, հին շինություններ և լքված վայրեր։
Միաժամանակ նկարագրվում են նաև գեղեցիկ բնապատկերներ։
Այս ամենը ցույց է տալիս թե՛ ցավը, թե՛ սերը հայրենիքի հանդեպ։
Գլխավոր միտքն այն է, որ հայրենիքը ապրում է մարդու հիշողությունների մեջ։

2. Բնությունը Սահյանի պոեզիայում։ Ներկայացրե՛ք ձեր մտորումները։ 

Բնությունը մի մեծ աշխարհ է ոչ միայն մոլորակի վրա, այլ նաև գրականության մեջ, և Համո Սահյանը դա իր ստեղծագործություններում շատ լավ ցույց է տալիս: Շատ գրողներ բնության օգնությամբ իրենց զմացմունքներն են ցույց տալիս, եթե նկարագրվում է հանգիստ, ազատ բնություն, նրանք ցույց են տալիս լավ, հանգիստ, ուրախ տրամադրություն, իսկ եթե անհանգիստ, վայրի, գազան, տխուր բնություն, նրանք ցույց են տալիս վատ, տխուր, անհանգիստ տրամադրություն: Բայց Սահյանը ավելի շատ նկարագրում է իրավիճակներ, որոնք տեղի են ունենում մարդկանց մոտ բնության օգնությամբ: Ինչպես նաև իրավիճակներ, որտեղ բնության մի մասի մոտ ինչ-որ բան է տեղի ունեցել, և ցույց է տալիս մնացած բնության վերաբերմունքը, թե ինչ են նրանք անում՝ իմանալով տեղի ունեցածի մասին: Սահյանը շատ մանրամասն է նկարագրում բնությունը, հերթով, սկսած բնության մի մասից և վերջացրած լրիվ ուրիշ մասից: Իմ ուսումնասիրած ստեղծագործություններում Սահյանը շատ է գրել անտառի մասին, որտեղ ինչ-որ բան է տեղի ունենում ծառերի, տերևների կամ էլ անտառում բնակվող կենդանիների հետ, ինչպես նաև գետերի մասին, որը անցնում է կամ անտառի կողքով կամ էլ անտառի միջով: Համո Սահյանը բնությունը նկարագրելիս ավելի շատ նկարագրում է բնության մեջ կատարվող երևույթները և բնության ուրիշ մասերի վերաբերմունքը այդ երևույթի նկատմամբ, և ուսումնասիրելով Սահյանի որոշ ստեղծագործություններ՝ ես համոզվեցի դրանում

You are currently viewing Անտառում