Կրթությունը միշտ մեծ դեր է ունեցել մարդկանց կյանքում և հասարակության զարգացման մեջ։ Դեռ հին ժամանակներից մարդիկ հասկացել են, որ առանց գիտելիքի հնարավոր չէ առաջ գնալ և զարգանալ։ Տարբեր ժամանակներում կրթության դերը տարբեր ձևերով է արտահայտվել, բայց դրա կարևորությունը միշտ նույնն է մնացել։ Կրթությունը ոչ միայն գիտելիք է տալիս, այլ նաև ձևավորում է մարդու մտածելակերպն ու վերաբերմունքը կյանքի նկատմամբ։
Կրթության զարգացումը կարևոր է, որովհետև այն տարբեր ժամանակներում նպաստել է թե՛ անհատի ձևավորմանը, թե՛ հասարակության առաջընթացին։
Րաֆֆու «Խենթը» վեպում և Խորհրդային Հայաստանի անգրագիտության վերացման ժամանակ ներկայացված պատկերները ցույց են տալիս, թե ինչու է կրթությունը կարևոր։ Դպրոցում երեխաները սովորում են ոչ միայն գրքերով, այլ նաև անմիջական աշխատանքով՝ աշխատելով հողի հետ, ուսումնասիրելով բույսերը և զարգացնելով իրենց ֆիզիկական կարողությունները։ Սա կարևոր է, որովհետև կրթությունը մարդուն դարձնում է աշխատասեր, ինքնուրույն և պատրաստ կյանքի դժվարություններին։ Միևնույն ժամանակ ներկայացված է մի իրավիճակ, որտեղ հասարակության մեծ մասը անգրագետ էր, և դրա հաղթահարման համար ստեղծվում են դպրոցներ, կրթությունը դառնում է հասանելի, և մարդիկ սկսում են սովորել կարդալ ու գրել։ Սա նույնպես կարևոր է, որովհետև գրագիտությունը հնարավորություն է տալիս մարդկանց մտածել, աշխատել և մասնակցել հասարակության զարգացմանը։ Ընդհանուր առմամբ կրթությունը կարևոր է, քանի որ այն մի կողմից ձևավորում է զարգացած անհատ, իսկ մյուս կողմից ապահովում է ամբողջ հասարակության առաջընթացը։ Եվ իմ կարծիքով ապագայի դպրոցը պետք է համադրի այս երկու մոտեցումները՝ լինի և՛ գործնական, և՛ հասանելի բոլորին, որպեսզի ձևավորի լիարժեք զարգացած սերունդ։
Այսպիսով, երկու օրինակներն էլ ցույց են տալիս, որ կրթությունը տարբեր ժամանակներում ունեցել է մեծ նշանակություն։ Այն օգնել է մարդկանց դառնալ ավելի զարգացած և պատրաստ կյանքի համար, ինչպես նաև նպաստել է հասարակության առաջընթացին։ Կրթությունը եղել է և մնում է այն հիմքը, որի վրա կառուցվում է ցանկացած զարգացած հասարակություն։
