1045 թ. Անիի Բագրատունյաց թագավորության անկումից հետո դեռ գոյություն ունեին Վանանդի (Կարսի), Տաշիր-Ձորագետի (Լոռու) և Սյունիքի հայկական թագավորությունները։Բացի հայկական հիշյալ թագավորություններից՝ Հայաստանի հյուսիս-արևելյան և հարավային լեռնային վայրերում իրենց ինքնավարությունը պահպանում էին մի շարք հայկական իշխանություններ (Արցախի Խաչենի իշխանությունը, Սասունի,Մոկաց լեռնային իշխանությունները և այլն): Այդուամենայնիվ, վերոհիշյալ հայկական թագավորություններն ու իշխանությունները չկարողացան լուրջ դեր ստանձնել երկրի միավորման գործում և զերծ պահել երկիրն արտաքին ներխուժումներից։
Բյուզանդիայի քաղաքականությունը Հայաստանում։
Հայաստանի մեծագույն մասի բռնակցումից հետո Բյուզանդիայի նպատակն էր հայերին իրեն ենթարկել թե՛ քաղաքական, թե՛ կրոնական և թե՛ մշակութային առումներով։Առաջնահերթ խնդիրներից էին Հայաստանի ռազմական ուժերի թուլացումն ու ոչնչացումը։ Հաջորդ նպատակն էր Հայոց եկեղեցու վերահսկողությունն իր ձեռքն առնելը։ Իր նպատակներին հասնելու համար Բյուզանդիան նվաճված հայկական տարածքների կառավարիչներ էր նշանակում հիմնականում ծագումով հույներին։ Հայ պաշտոնյաները կա՛մ հեռացվում էին պաշտոններից կա՛մ էլ վարում երկրորդական և ստորադաս պաշտոններ։ Հայաստանի ռազմական ուժերը թուլացնելու նպատակով կիրառվեց նախ և առաջ հայերին Հայաստանից գաղթեցնելու (տեղահանելու) քաղաքականությունը։ Բյուզանդիան հայ իշխաններին կայսրության՝ Հայաստանից արևմուտք ընկած տարածքներում շնորհում էր բարձր պատվաստիճաններ և ընդարձակ կալվածքներ։ Ազնվականների և նրանց ռազմական ուժերի հետ միասին հայրենիքից գաղթում էին նաև արհեստավորներն ու գյուղացիները։ Ամենաաղետայինը, սակայն, եղավ այն, որ որոշ ժամանակ անց լուծարվեց տեղական հայկական զորքերի մեծ մասը, և դրանց փոխարեն բերվեցին բյուզանդական վարձկան զինվորներ։ Լեռնաշխարհի ընդարձակ տարածքներում գերիշխող նախարարական համակարգը, ըստ էության, փլուզվեց։ Այն պահպանվեց միայն անմատչելի լեռնային շրջաններում։ Հայոց եկեղեցու նկատմամբ վերահսկողություն հաստատելու նպատակով բյուզանդացիների նախաձեռնությամբ նվաճված հայկական հողերում հիմնադրում էին քաղկեդոնական եկեղեցիներ և համայնքներ։ Նպատակն էր հեշտացնել հայերին դավանափոխ անելու գործը, ինչպես նաև ամուր հենարան ստեղծել նվաճված տարածքներում։Ավելին՝ կաթողիկոսությունն Անիից տեղափոխվեց արևմուտք՝ Կոստանդնուպոլիս, իսկ հետո՝Սեբաստիա։ Որոշ ժամանակ անց կաթողիկոս Պետրոս Գետադարձը կանչվեց Կոստանդնուպոլիս (1049 թ.) և մի քանի տարի այնտեղ պահվեց «պատվավոր աքսորում»։ «Կոստանդնուպոլիսյան գերության» արժանացավ նաև հաջորդ կաթողիկոսը։ Այսպիսով՝ Բյուզանդիայի վարած վարչական և կրոնական քաղաքականության պատճառով հայ ժողովրդի ռազմական և դիմադրական ուժն աստիճանաբար պակասում էր։ Կայսրության արևելյան սահմանները թուլացան, և տարածաշրջանը շուտով անպաշտպան մնաց սելջուկների առջև:
ԲԱՌԱՐԱՆ
Կայազոր — քաղաքում կամ բերդում տեղավորված զորք (մշտական կամ ժամանակավոր)
Առաջադրանք
Ներկայացրո՛ւ։ Ի՞նչ քաղաքականություն էր վարում Բյուզանդիան Հայաստանի մեծագույն մասի բռնակցումից հետո:
Բյուզանդիան սկսեց պատրաստել քաղկեդոնական եկեղեցիներ և համայնքներ: