Ի՞նչ բաժիններից է կազմված գլխուղեղը։
Գլխուղեղը կազմված է ծայրային ուղեղից, միջանկյալ ուղեղից, միջին ուղեղից, կամուրջից, երկարավուն ուղեղից և ուղեղիկից:
Ի՞նչ գիտեք երկարավուն ուղեղի և կամուրջի գործառույթների մասին։
Երկարավուն ուղեղն իրականացնում է նաև մի շարք պաշտպանական ռեֆլեքսներ՝ փռշտոց, հազ, փսխում, արցունքազատում, կոպերի թարթում, մասնակցում է նաև կեցվածքն ապահովող ռեֆլեքսների իրականացմանը։
Կամրջում գտնվում են որոշ գանգուղեղային նյարդերի կորիզներ, որոնք նյարդավորում են գլխի առջևի մասը, դեմքի մաշկը, դիմախաղի մկանները, ենթածնոտային, ենթալեզվային թքագեղձերը, արցունքագեղձերը, ականջի, բերանի ու քթի խոռոչի լորձաթաղանթը։
Միջին ուղեղի ինչպիսի՞ գործառույթ գիտեք։
Միջին ուղեղը բաղկացած է քառաբլուրներից, որոնք ապահովում են տեսողության ու լսողության առաջնային ռեակցիաները՝ ակնագնդի շարժումը դեպի լույսի աղբյուրը, կենդանիների ականջախեցու և մարդու գլխի թեքումը դեպի ձայնը։
Միջին ուղեղում են գտնվում նաև զգացող և շարժիչ որոշ կորիզներ, որոնք կարգավորում են ակնագնդերի շարժումը, բբային ռեֆլեքսները, մկանային լարվածությունը, դիմախաղի, մատների նուրբ շարժումները։
Միջին ուղեղում գտնվող նեյրոնների որոշ խումբ կեղևի վրա թողնում է ակտիվացնող ազդեցություն, որը կարևոր նշանակություն ունի արթուն վիճակը պահպանելու համար։