Կար-չկար, մի շատախոս կոշիկ կար։ Աջ ու ձախ նա անընդհատ պատմում էր այն ճանապարհների մասին, որտեղով անցնում էր։ Բայց շատախոս լինելուց բացի, նա նաև մի քիչ գլուխգովան էր։ Միայն գեղեցիկ ճանապարհների մասին էր պատմում։
Մի օր էլ, քարերը որոշեցին պատժել նրան, քանի որ իրենց մասին նա չէր պատմում երբեք։ Քարքարոտ մի ճանապարհի վրա կոշիկի թաթը սոսնձից պոկվեց։ Հերիք չի որ շատախոսությունից բերանը հազիվ էր հասցնում փակել, հիմա արդեն դա էլ չէր կարողանում։ Հենց լռում էր, բաց բերանը փոշի ու կեղտ էր լցվում։ Կոշիկը հասկացավ, որ պետք պետք է բերանը փակ պահի ու չխոսա, որ մաքուր մնա։ Նա դադարեց խոսելը։ Հիմա միայն անհրաժեշտության դեպքում էր ինչ-որ բաներ ասում։ Մի քանի օր շատախոս կոշիկը պարապ մնաց, ոչ մի ճանապարհ չգնաց, մինչև նրա տերը որոշեց նրան տանել «բժշկի»՝ կոշկակարի մոտ։
Կոշկակարը խնամքով մաքրեց կոշիկը, սոսնձեց այն ու գերազանց վիճակում վերադարձրեց տիրոջը։ Կոշկի տերը ուրախ-ուրախ հագավ իր փայլփլուն կոշիկները և ճանապարհ ընկավ։
Այս անգամ արդեն ամբողջ ճանապարհին կոշիկը միայն քթի տակ ճռճռում էր։ Ու արդեն, երբ տուն հասան, կոշիկը սկսեց պատմել ոչ միայն սիրուն ու մաքուր ճանապարհների, այլ նաև քարքարոտ ու փոշոտ ճամփաների մասին։