Համաշխարհային օվկիանոսում ջուրը գտնվում է մշտական շարժման մեջ: Դրա տեսակներից են ալիքավորումը և ցունամին:
Ալիքավորումն առաջանում է հիմնականում քամիների ներգործությամբ: Ալիքավորման դեպքում ջուրը միայն տատանողական շարժում է կատարում: Առաջացած տատանումներն ալիքի տեսքով հասնում են մինչև ցամաք, հարվածում ափին և փշրվում:
Ալիքավորման տարատեսակ է ցունամին, որն առաջանում է օվկիանոսի հատակում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից: Ցունամին շատ հաճախ ավերում է ափամերձ բնակավայրերը՝ պատճառելով նյութական վնասներ և մարդկային զոհեր:
Օվկիանոսում ջրի ուղղաձիգ շարժման պատճառներից է նաև Արեգակի և Լուսնի ձգողական ուժը, որի շնորհիվ առաջանում է մակընթացության և տեղատվության երևույթը Երկրի վրա:
Օվկիանոսում ջրի մակարդակի բարձրացումը կոչվում է մակընթացություն, իսկ իջեցումը՝ տեղատվություն: Օրվա ընթացքում դիտվում է երկու մակընթացություն և երկու տեղատվություն, որոնք իրար հաջորդում են 6 ժամը մեկ:
Համաշխարհային օվկիանոսում ջրի հորիզոնական շարժումն արտահայտվում է օվկիանոսային հոսանքների ձևով, որոնք կարծես թե վիթխարի գետեր լինեն օվկիանոսում:
Օվկիանոսային հոսանքների առաջացման հիմնական պատճառը մշտապես նույն ուղղությամբ փչող քամիներն են:
Համաշխարհային օվկիանոսում հոսանքներն առաջացնում են վիթխարի շրջապտույտ. հասարակածային շրջաններից տաքացած ջուրը տեղափոխում են մերձբեևռային շրջաններ, որտեղ, սառելով, ծանրանում, իջնում է օվկիանոսի խորքերը և հատակով նորից վերադառնում հասարակածային շրջաններ:
Օվկիանոսային հոսանքները լինում են տաք և սառը: Տաք են կոչվում այն հոսանքները, որոնց ջերմաստիճանը բարձր է հարևան ջրերից: Քարտեզներում տաք հոսանքները պատկերվում են կարմիր, իսկ սառը՝ կապույտ գույնով։
Առավել հայտնի տաք հոսանքներից են Գոլֆստրիմը՝ Ատլանտյան օվկիանոսում, Հյուսիսխաղաղօվկիանոսյանը՝ Խաղաղ օվկիանոսում:
Սառը հոսանքներից են Լաբրադորյանը՝ Ատլանտյան օվկիանոսում, Կալիֆոռնիականը՝ Խաղաղ օվկիանոսում:
Օվկիանոսային հոսանքների դերը կիմայի ձեավորմաս գործում: Օվկիանոսային հոսանքների դերը մեծ է երկրագնդի կլիմաների ձևավորման գործում: Հասարակածային շրջաններից դեպի մերձբևեռային շրջաններ շարժվելով՝ տաք հոսանքներն իրենց հետ մեծ քանակությամբ ջերմություն են տեղափոխում՝ մեղմելով այդ շրջանների ցուրտը:
Տաք հոսանքների վրա ձևավորված ջրային գոլորշիները, տեղափոխվելով ցամաք, իրենց հետ բերում են ջերմություն ու խոնավություն:
Սառը հոսանքների վրա ջրի ջերմաստիճանը ցածր է, օդը համեմատաբար չոր է, տեղափոխվելով ցամաք՝ տեղումներ չի առաջացնում, և գոյանում են անապատներ: