Ժամանակով Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ և մի խելացի թագավոր է եղել։ Նա ունեցել է երեք որդի։
Եղավ, որ այդ թագավորը ծերացավ և կառավարության սանձը կամեցավ դեռ ողջ օրով հանձնել իր ժառանգներից նրան, որն ավելի ընդունակ կլինի այդ դժավրին գործին: Ուստի մի օր կանչեց որդիներին և ասաց.
-Սիրելի որդիներ, տեսնում եք, որ ձեր հայրը ծերացել է ու էլ չի կարող երկիրը կառավարել: Ես վաղուց իջած կլինեի իմ գահից, եթե կատարված տեսնեի այն միտքը, որ երկար տարիներ պաշարել է հոգիս: Եվ հիմա ձեզանից ով որ իմաստուն կերպով լուծե այդ իմ միտքը, նա կստանա իմ թագը, նա կկառավարե իմ ժողովուրդը:
-Ապրած կենա մեր սիրելի հայրը, սուրբ է մեզ համար նրա վեհ կամքը. Այդ ի՞նչ մեծ միտք է, որ չի կարողացել լուծել նրա իմաստուն հոգին:
-Ահա՛ տեսնո՞ւմ եք այդ ահագին և մեծածավալ շտեմարանը, որ վաղուց շինել եմ: Իմ փափագն էր այդ լցնել այնպիսի բանով, որ ամենապիտանին լիներ աշախարհիս երեսին, և որով կարողանայի բախտավոր դարձնել իմ ժողովուրդը: Այդ շտեմարանը մնում է դատարկ: Եվ հիմա, ո՛վ ձեզնից կարողանա այդ շտերամանը իր բոլոր անկյուններով, ծայրեծայր, լցնել աշխարհի այդ ամենապիտանի բանով, թող նա արժանի լինի գահին: Առե՛ք գանձերիցս ինչքան որ կուզեք և առանձին-առանձին ուղի ընկեք քաղաքե քաղաք, աշխարհ-աշխարհ, գտեք այդ բանը և լցրեք իմ շտեմարանը: Ձեզ երեք անգամ քառասուն օր միջոց եմ տալիս:
Որդիները համբուրեցին հոր ձեռքը և ճանապարհ ընկան: Ամբողջ երեք անգամ քառասուն օր նրանք շրջեցին քաղաքե քաղաք, աշխարհե աշխարհ. տեսան ուրիշ-ուրիշ մարդիկ, ուրիշ-ուրիշ բարքեր ու ժամանակին եկան կանգնեցին հոր առջև:
-Բարով եք եկել, անգին որդիներս, գտե՞լ եք արդյոք և բերել՝ ինչ որ ամենապիտանի բանն է աշխարհում:
-Այո՛, գտել ենք, սիրելի հայր,- պատասխանեցին որդիները: Եվ հայրն իսկույն վեր առավ որդիներին, և գնացին շտեմարանի դուռը. այնտեղ հավաքված էին բոլոր պալատականները և շատ ժողովուրդ: Թագավորը բացեց դուռը և կանչեց մեծ որդուն:
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որ աշխարհում ամենապիտանին լինի: Եվ մեծ որդին գրպանից հանեց մի բուռ հացահատիկ՝ պարզելով դեպի հայրը՝ ասաց.
-Հացով կլցնեմ այս ահագին շտեմարանը, թանկագին հայր: Ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հացը, ո՞վ կարող է առանց հացի ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա, բայց հացից անհրաժեշտ ոչինչ չգտա: Այն ժամանակ հայրը կանչում է միջնեկ որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
Եվ միջնեկ որդին հանեց գրպանից մի բուռ հող, պարզելով դեպի հայրը՝ ասաց.
-Հողով կլցնեմ ես ահագին շտեմարանը, թանկագին հայր, ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հողը: Առանց հողի հաց չկա, առանց հողի ո՞վ կարող է ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա, բայց հողից անհրաժեշտ ոչինչ չգտա: Ապա հայրը կանչեց կրտսեր որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի: Այդ միջոցին կրտսեր որդին հաստատ քայլերով մոտեցավ շտեմարանին, անցավ շեմքը, գրպանից հանեց մի փոքրիկ մոմ, կայծքարին խփեց հրահանը, կայծ հանեց, վառեց աբեթը, հետո մոմը: Բոլորը կարծում էին, թե նա ուզում է լույսով լավ զննել շտեմարանը, նրա ահագնությունը:
-Դեհ, ասա, որդի, ինչո՞վ կլցնես.- անհամբեր ձայնով հարցրեց հայրը:
-Լույսով կլցնեմ այս ահագին շտեմարանը, իմաստուն հայր, լույսով միայն: Շատ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա, բայց լույսից անհրաժեշտ ո՛չ մի բան չգտա: Լույսն է ամենապիտանի բանը աշխարհում: Առանց լույսի հողը հաց չի ծնի, առանց լույսի հողի վրա կյանք չէր լինի: Շա՛տ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա և գտա, որ գիտության լույսն է ամենապիտանի բանը, և միայն գիտության լույսով կարելի է կառավարել աշխարհը:
-Ապրե՛ս,- գոչեց ուրախացած հայրը,- քեզ է արժանի գահն ու գայիսոնը, քանի որ լույսով ու գիտությամբ պիտի լցնես թագավորությունդ և մարդկանց հոգիները:
-Ապրա՛ծ կենա մեր երիտասարդ լուսավոր թագավորը,- գոչեցին ոգևորված պալատականներն ու ժողովուրդը ամբողջ: