Նայենք մեր շուրջը և կտեսնենք բազմաթիվ իրեր՝ աթոռ, սեղան, գիրք, մատիտ, խնձոր, բաժակ, համակարգիչ, ավտոմեքենա, ծառ, ջրի կաթիլ և այլն: Այդ բոլորը մարմիններ են: Մարմիններ են նաև Երկիր մոլորակը, գիշերային երկնքում փայլատակող աստղերը, մեզ ջերմացնող Արեգակը, կենդանիները, բույսերը: Համեմատելով մարմինները՝ կարելի է պարզել դրանց միջև եղած նմանություններն ու տարբերությունները:
Բոլոր մարմինները կազմված կամ պատրաստված են նյութերից:
Նյութերը բազմաթիվ են: Դրանք տարբերվում են համով, հոտով, վիճակով, գույնով, այրվելու, ջրում լուծվելու և այլ հատկություններով:
Երկաթը, ոսկին, պղինձը, թուղթը, ջուրը, ապակին, ռետինը նյութեր են: Իսկ ահա մեխը, մատանին, գավաթը, տետրը, բաժակը, աթոռը, գնդակը, սառույցը մարմիններ են, որոնք պատրաստված կամ կազմված են վերը նշված կամ այլ նյութերից: Այն թեթև գազը, որով լցված են օդում ճախրող փուչիկները, նույնպես նյութ է: Ինքը՝ փուչիկը, պատրաստված է մեկ այլ նյութից՝ ռետինից: Ռետինից պատրաստում են նաև ավտոդողեր և այլ իրեր:
Միևնույն նյութից կարելի է պատրաստել։ Այսպես՝ երկաթից պատրաստում են մեխ, մուրճ, կացին, ապակուց՝ բաժակ, փորձանոթ, ալյումինից՝ հաղորդալար, սպասք, աթոռ, սեղան, փայտից՝ աթոռ, նստարան, գրատախտակ և այլն։
Կարելի է նաև նույն տեսակի առարկաներ պատրաստել տարբեր նյութերից։ Օրինակ՝ քանոն կարելի է պատրաստել փայտից, երկաթից, ալյումինից և այլ նյութերից։
Մարմինը կարող է պատրաստված կամ կազմված լինել ինչպես մեկ, այնպես էլ մի քանի նյութերից:
Նյութերը սովորաբար լինում են օրգանական և անօրգանական։
Օրգանական նյութերը կենդանի օրգանիզմների կազմության մեջ մտնող կամ դրանցից ստացվող նյութերն են: Օրինակ՝ բուսական յուղը, կենդանական ճարպերը, շաքարը և այլն։ Օրգանական նյութեր ստանում ենք նաև արհեստական ճանապարհով: Օրինակ՝ դեղանյութերը, ներկանյութերը և այլն։ Արհեստական օրգանական նյութերի օգտագործումը հնարավորություն է տալիս խնայելու որոշ նյութերի բնական պաշարները։ Օրինակ՝ ճկազանգվածից պատրաստված սեղանը փոխարինում է փայտե սեղանին, արհեստական մորթին՝ բնական մորթուն և այլն։
Մյուս բոլոր նյութերը, որոնք չունեն օրգանական ծագում, անօրգանական են: Օրինակ՝ օդը, ջուրը, քարը, ավազը, կավը, կերակրի աղը, ոսկին, երկաթը և այլն։